2 Chronicles 26
1 Հուդայի ամբողջ ժողովուրդը առավ Ոզիային, որն այն ժամանակ տասնվեց տարեկան էր, և նրան թագավոր դարձրեց իր հոր՝ Ամասիայի փոխարեն։
2 Սա վերակառուցեց Ելաթը և այն վերադարձրեց Հուդային, երբ Ամասիա թագավորն իր հայրերի հետ ննջել էր արդեն։
3 Ոզիան տասնվեց տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հեքելիա՝ Երուսաղեմից։
4 Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ճիշտ ինչպես որ արել էր իր հայր Ամասիան։
5 Նա պաշտում էր Աստծուն Զաքարիայի օրոք, որն Աստծու տեսիլքներին հմուտ էր։ Այնքան ժամանակ, որքան Ոզիան պաշտում էր Տիրոջը, Աստված նրան հաջողություն էր տալիս։
6 Նա դուրս ելավ ու պատերազմեց փղշտացիների դեմ, քանդեց Գեթի պարիսպը, Հաբնեի պարիսպը և Ազովտոսի ու փղշտացիների երկրում քաղաքներ կառուցեց։
7 Աստված օգնեց նրան փղշտացիների, Գուր-Բահաղում բնակվող արաբացիների և մաոնացիների դեմ։
8 Ամմոնացիները հարկ էին տալիս Ոզիային, և նրա անունը տարածվեց մինչև Եգիպտոսի սահմանը, որովհետև նա շատ հզորացավ։
9 Ոզիան Երուսաղեմում աշտարակներ կառուցեց Անկյան դռան, Ձորի դռան ու պարսպի անկյան վրա և ամրացրեց դրանք։
10 Նա աշտարակներ կառուցեց անապատում և բազում ջրհորներ փորեց, որովհետև շատ անասուններ ուներ հովտում ու դաշտում, երկրագործներ ու այգեգործներ՝ լեռներում և բարեբեր հողերում, քանի որ սիրում էր հողագործությունը։
11 Ոզիան գնդերով մարտի դուրս եկող և պատերազմող զորքեր ուներ ըստ Հեիել գրագրի ու Մաասիա կառավարչի կողմից կատարված հաշվառման՝ թագավորի իշխաններից Անանիայի ձեռքի տակ։
12 Բոլոր քաջազուն տոհմապետների թիվը երկու հազար վեց հարյուր էր։
13 Նրանց ձեռքի տակ կար երեք հարյուր յոթ հազար հինգ հարյուր զինվոր՝ մեծ զորությամբ պատերազմողներ, որոնք թագավորին օգնում էին թշնամու դեմ։
14 Ոզիան այդ ամբողջ զորքի համար պատրաստեց վահաններ, նիզակներ, սաղավարտներ, զրահներ, աղեղներ և քարեր արձակող պարսատիկներ։
15 Նա Երուսաղեմում մեծ վարպետությամբ պատրաստված մեքենաներ շինեց, որ աշտարակների և պարիսպների անկյունների վրա դրվեն և նետեր ու մեծ-մեծ քարեր արձակեն։ Նրա համբավը մինչև հեռուները գնաց, որովհետև նա զարմանալի կերպով օգնություն գտավ, մինչև որ զորացավ։
16 Բայց երբ զորացավ, նրա սիրտը գոռոզացավ, որն իր կործանումին առաջնորդեց, և հանցանք գործեց իր Տեր Աստծու դեմ ու մտավ Տիրոջ տաճարը, որ խունկ ծխի խնկի սեղանի վրա։
17 Նրա հետևից մտավ Ազարիա քահանան, նրա հետ՝ Տիրոջ ութսուն քահանաներ, որոնք քաջ մարդիկ էին։
18 Սրանք կանգնեցին Ոզիա թագավորի դիմաց և ասացին նրան. «Քո գործը չէ, ո՛վ Ոզիա, որ Տիրոջը խունկ ծխես, այլ դա Ահարոնի որդիների՝ քահանաների գործն է, որոնք սրբագործված են խունկ ծխելու համար։ Դո՛ւրս եկ սրբարանից, որովհետև դու հանցանք գործեցիր, և դա քեզ համար պատիվ չէ Տեր Աստծուց»։
19 Ոզիան բարկացավ, և նրա ձեռքին էր բուրվառը, որ խունկ ծխի։ Քահանաների վրա բարկանալիս բորոտություն երևաց նրա ճակատին, քահանաների առջև, Տիրոջ տանը, խունկ ծխելու սեղանի մոտ։
20 Ազարիա քահանայապետը և բոլոր քահանաները դարձան նրա կողմը, և ահա նրա ճակատը բորոտությամբ էր պատած, և նրան շուտով դուրս հանեցին այնտեղից։ Ինքն էլ հենց շտապում էր դուրս գալ, որովհետև Տերը հարվածել էր նրան։
21 Ոզիա թագավորը բորոտ մնաց մինչև իր մահվան օրը։ Նա իբրև բորոտ բնակվում էր առանձին մի տան մեջ, որովհետև արգելված էր Տիրոջ տուն մտնել։ Իսկ նրա որդի Հովաթամը, որ թագավորի տան գլխավորն էր դարձել, կառավարում էր երկրի ժողովրդին։
22 Ոզիայի մնացած պատմությունը՝ առաջինն ու վերջինը, գրեց Ամոսի որդի Եսայի մարգարեն։
23 Ոզիան ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին իր հայրերի մոտ, թագավորների գերեզմանների դաշտում, որովհետև ասացին, թե նա բորոտ է։ Եվ նրա որդի Հովաթամը թագավորեց նրա փոխարեն։